Կոնդ

դոմաին-ի հետ կապված հարցերի համար գրել

Կոնդ

ԵրկիրՀայաստան, Երևան
Մասն էԿենտրոն վարչական շրջան
Կարգավիճակպատմական թաղամաս
Մտնում էԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ
ԲԾՄ1027 ± 1 մետր
Տարածք0,237 կմ²
Հիմնադրված էմոտ 17-րդ դար թ.

Կոնդ, Երևանի պատմական թաղամասերից մեկը։ Այն գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում` Լեոյի, Սարյանի և Պարոնյանի փողոցների հարևանությամբ։ Նրա արևմտյան սահմանը պատմականորեն եղել է Հրազդան գետը, իսկ հյուսիսային սահմանը՝ Կոզեռնի գերեզմանատունը։

Մեր օրերում թաղամասը գրեթե կորցրել է իր ինքնատիպությունը ու գտնվում է անհետացման եզրին` անկանոն կառուցապատման, հին շինությունների քանդման և նոր բազմաբնակարան շենքերի կառուցման պատճառով։

Անվանում

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Պարսկական տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է

Պատմություն

Կոնդի առաջին հիշատակումը թվագրվում է 1655 թվականին։ Այն 17-րդ դարից ի վեր Երևանի երեք սկզբնական թաղամասերից մեկն էր՝ Շահարի (Հին թաղ) և Դեմիր-Բուլաղի (Քարահանք) հետ միասին: Ի սկզբանե բնակեցված լինելով հայերով, պարսկական տիրապետության ժամանակ Կոնդը դարձել է բազմազգ` բնակեցված լինելով նաև պարսիկներով, թաթարներով, թուրքերով և բոշաներով։

1915 թվականից հետո Կոնդում ապաստան են գտել ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայ փախստական ​​ընտանիքներ։

Խորհրդային տարիներին, Երևանի վերակառուցման պատճառով, բազմաթիվ հին թաղամասեր քանդվեցին՝ լայն պողոտաներ և նոր շենքեր կառուցելու նպատակով։ Սակայն Կոնդը խուսափեց այդ ճակատագրից՝ պահպանելով իր յուրօրինակ պատմական տեսքը և միջնադարյան հատակագիծը։

2000-ականների սկզբից ի վեր պարբերաբար ի հայտ են եկել Կոնդի վերակառուցման նոր ներդրումային նախագծեր և նախաձեռնություններ: Քննարկվել են տարբեր գաղափարներ՝ սկսած հին շենքերի լիակատար քանդումից` ժամանակակից բնակելի համալիրների և բիզնես կենտրոնների (Հյուսիսային պողոտայի օրինակով) կառուցման համար, մինչև տարածքը զբոսաշրջային միջավայրի վերածելը՝ պահպանելով դրա պատմական նշանակությունը։

Կոնդ Վիքիպահեստում